Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել է ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու դեպք:
«Մասնավորապես՝ հիշյալ քրեական վարույթի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2024 թվականի մարտի սկզբին, Երևան քաղաքի Կիևյան փողոցում ոստիկանության պարեկային երկու ծառայողներ կանգնեցրել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարվող ավտոմեքենան և պահանջել ներկայացնել փաստաթղթերը, որից հետո ոստիկանության աշխատակից Վ. Ա.-ն նրանից որպես կաշառք պահանջել է 20.000 դրամ գումար՝ տրանսպորտային միջոցը ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն անցած չլինելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Վ. Ա.-ն միաժամանակ նշել է, որ չվճարելու դեպքում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կվերցնի վարորդական իրավունքի վկայականը: Սակարկելու արդյունքում պայմանավորվել են 7000 դրամ կաշառքի գումարի շուրջ:
Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: