Հնդկաստանը համաձայնագիր կստորագրի Իրանի հետ՝ Չաբահար նավահանգստի կառավարման վերաբերյալ

Հնդկաստանը պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Իրանի հետ՝ առաջիկա տասնամյակում Չաբահար նավահանգիստը կառավարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Economic Times թերթը:

Ըստ հրապարակման՝ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը կմեկնի Իրան՝ համաձայնագիրը ստորագրելու համար: Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանը կստանձնի արտասահմանյան նավահանգստի կառավարումը: Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի 10 տարի և ինքնաբերաբար կերկարաձգվի:

Այս որոշումը դիտվում է որպես աշխարհաքաղաքական նշանակալի քայլ Իրանի հետ համագործակցության խորացման ուղղությամբ, որը կունենա լուրջ տարածաշրջանային հետևանքներ: Ակնկալվում է, որ նավահանգիստը, որը Հնդկաստանի առանցքային կապն է Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիական մեծ տարածաշրջանի հետ, կմրցի Պակիստանի Գվադար նավահանգստի, ինչպես նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ:

Հետագայում նախատեսվում է Չաբահարը կապել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը Իրանի միջոցով Հնդկաստանը կմիացնի Ռուսաստանին: Այս առևտրային ուղին նախատեսված է Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից ապրանքներ տեղափոխելու համար Արևմտյան և Հյուսիսային Եվրոպա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի տարածքներով, այդ թվում՝ այս երեք երկրների երկաթուղիները միացնելու միջոցով: Միջանցքի հիմնական առավելությունը բեռների առաքման ժամանակի գրեթե եռակի կրճատումն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print