Մինչև հոկտեմբերի վերջ կշարունակեմ թիմի և մեր ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները, նոյեմբերից կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը։
«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է Արցախի պետական նախարարի պաշտոնը ստանձնելու որոշման մասին։
«Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձին ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները»,-նշել է Վարդանյանը։
Վարդանյանը հավելել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո կներկայացնի ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնի ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։