ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը Սյունիքում

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) 10 միլոն Եվրո վարկ է տրամադրում Հայաստանին՝ Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։

Բանկը նաև 2 միլիոն Եվրո դրամաշնորհ կտրամադրի Բաժնետերերի հատուկ հիմնադրամի (SSF) միջոցներից՝ ծրագիրը համաֆինանսավորելու նպատակով։ 

Երկրում նոր լոգիստիկ և մաքսային կենտրոնը կբարձրացնի մաքսազերծման ծառայությունների արդյունավետությունը և կօգնի բավարարել առևտրի ծավալների մեծացմամբ պայմանավորված ավելացված պահանջարկը։ Կենտրոնի նպատակն է «մեկ պատուհան» ապահովել, որն էապես կկրճատի մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակը` շրջանառությունը հեշտացնելով՝ ի նպաստ ծառայություններից մասնավոր օգտվողների։ Ավելին, կենտրոնը կկառուցվի էներգաարդյունավետության միջազգային ստանդարտների համաձայն և կլինի երկրում առաջին պետական մարմիններից մեկը, որը կորակվի որպես «կանաչ շենք»։

Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը ստորագրվել են այսօր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեի կողմից ՎԶԵԲ Տարեկան հանդիպման և Գործարար համաժողովի շրջանակներում՝ Երևանում։  Ծրագիրը փախստականների ճգնաժամին ՎԶԵԲ-ի արձագանքման մաս է կազմում և ներառում է փախստականների ինտեգրման ծրագիրը։

Ծրագիրը՝  Թայվան բիզնես – ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, 150 փախստական-ների կօգնի ձեռք բերել հմտություններ և հավաստագրում անցնել, որը նրանց անհրաժեշտ է՝ Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում՝ մաքսային և լոգիստիկ ոլորտներում, աշխատանքի ընդունվելու նպատակով որակավորված թեկնածու դառնալու համար։

Կարևորն այն է, որ Սյունիքում նոր մաքսային կենտրոնը կհամապատասխանի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհի կառուցման պլաններին՝ Սյունիքի մարզի և Երևանի միջև կապակցվածությունն ուժեղացնելու նպատակով:

ՎԶԵԲ-ը հավատարիմ է մնում Հայաստանի լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանը՝ վերջինիս առևտրային և տարածաշրջանային կապակցվածությունն ուժեղացնելու նպատակով։

ՎԶԵԲ-ն ամենամեծ ինստիտուցիոնալ ֆինանսավորողներից մեկն է Հայաստանում։ Վերջին հինգ տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը երկրում կատարել է 640 միլիոն Եվրոյի ներդրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը և գյուղական շրջաններում թվայնացմանը։     

Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է 2․1 մլրդ Եվրոյից ավելի գումար՝ 211 ծրագրերի շրջանակներում։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print