Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ:

Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:

ՊՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ 

Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները։ 

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print