Առողջապահության նախարարը նշել է, որ ֆիզիկական անձինք այժմ կարող են արտերկրից դեղամիջոցներ ներկրել, ինչը նախկինում արգելված է եղել։
ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատում է որոշ դեղերի գրանցման մեխանիզմները պարզեցնելու ու ժամկետները կրճատելու վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Դեղերի գրանցման մեխանիզմների պարզեցման գործընթացը նախարարությունը սկսել է, քանի որ ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով շատ ընկերություններ դուրս են գալիս տարածաշրջանից։
«Հիմա մենք պետք է հասկանանք` ինչպես ենք լրացնելու այդ բացը և ապահովելու, որ եվրոպական և ամերիկյան հայտնի դեղագործական ընկերությունների գրանցման գործընթացը պարզեցվի»,– ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով` հիվանդների պահանջարկը բավարարելու համար հնարավորություն է ստեղծվել հատուկ ռեժիմով դեղերամիջոցներ ներմուծել, մասնավորապես՝ ֆիզիկական անձինք այժմ կարող են արտերկրից դեղամիջոցներ ներկրել, ինչը նախկինում արգելված է եղել։
Առողջապահության նախարարը նշեց, սակայն, որ դաշտը պարզեցնելու հետ մեկտեղ հարկավոր է զգոնությունը չթուլացնել, որպեսզի քաղաքացիները օգտվեն որակյալ, անվտանգ ու արդյունավետ դեղամիջոցներից։