Վերելակների արտադրություն՝ Հայաստանում

Բելառուսական կողմն առաջարկել է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ SputnikԱրմենիայի փոխանցմամբ քննարկելով առևտրատնտեսական կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝  Բելառուսի վարչապետը նշել է, որ շահագրգռված են Հայաստանի տարածքում վերելակների արտադրություն սկսելու հարցում։

«Այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի։ Մենք քննարկում ենք մեքենաշինության ոլորտում համագործակցության, համատեղ արտադրությունների ստեղծման հարցերը։ Բելառուսական արտադրող «Մոգիլևլիֆտմաշը» հանդես է եկել Հայաստանի տարածքում վերելակների արտադրություն սկսելու նախաձեռնությամբ»,-ասել է Գոլովչենկոն։

Հավելենք, որ Բելառուսի վարչապետն այսօր ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որն անցկացվելու է հոկտեմբերի 20–ին և 21–ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print