Համաձայն ՙՀանրապետություն՚ կուսակցության և Ազատական կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 03․11․2021թվականին ստորագրված համագործակցության հուշագրի, ես՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանս, այսօր ներկայացում եմ ձեզ ու համայնքին իմ հրաժարականը և ըստ ընթացակարգի ավագանին պետք է ընտրի համայնքի նոր ղեկավար, հայտնում են Մեղրիի համայնքապետարանի մամուլի ծառայությունից։
«Իսկ մինչ այդ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի ավագանու տարիքով ավագ անդամը պետք է ավագանու նիստ հրավիրի և վարի: Մեր դեպքում պարոն Խ․ Անդրեասյանը։
Մինչև հրաժարականը՝ ուզում եմ հակիրճ ամփոփել իմ պաշտոնավարման ընթացքը: Իմ ընտրվելու օրից սկսած՝ հաղթահարել ենք շատ խոչընդոտներ, անցել ճգնաժամային իրադարձությունների միջով, պատճառների և հիմքերի մասին բոլորս էլ քաջատեղյակ ենք։
Հարգելիներս, Մեղրի համայնքը՝ դիտարկելով որպես ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության, ժողովրդի ազատ կամարտահայտության կարևորագույն ինստիտուտ, բնակչության և իշխանության միջև կապող օղակ, այս տարիներին ավելի ամրապնդեցինք համայնք-բնակիչներ կապը, յուրաքանչյուր բնակչի խնդրին արագ ու սրտացավ արձագանքելով, հնարավոր բոլոր միջոցներով ձեռնամուխ լինելով լուծելու բարձրաձայնված և վերհանված յուրաքանչյուր հարց։
Ես՝ որպես համայնքի ղեկավար, անմնացորդ նվիրումով և մեծ պատասխանատվությամբ եմ կատարել իմ պարտականությունները՝ ի նպաստ մեր համայնքի։
Ուժ և կորով եմ մաղթում բոլորիս, մեր բարդ ու դժվարին ժամանակներում ապրելու և արարելու մեծ կամք մեր ծննդավայրում, բարեխիղճ և հետևողական, համատեղ աշխատանքի շնորհիվ շարունակելու ենք անհնարն ու հնարավորն անել մեր փոքր համայնքի ու մեծ հայրենիքի խաղաղության ու բարեկեցության համար: Մեղրին Հայաստանի դուռն է և այդ դուռը միշտ հյուրընկալ է բարեկամների առաջ ու միշտ փակ՝ թշնամիների: Միասին ենք կերտելու մեր կանխատեսելի ու լուսավոր ապագան։
Շնորհակալություն ինձ վստահելու, հավատալու, նվիրվածության և հարգանքի համար։
Մաղթում եմ հաստատակամություն, բարեկեցություն, բեղմնավոր աշխատանք՝ հանուն ավելի բարեկեցիկ հասարակության և ուժեղ համայնքի։
Ստորև ներկայացնում եմ՝ իմ 2021-2024թթ․ ծավալած գործունեության ամփոփ հոլովակը»,-ասված է հաղորդագրությունում։