Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավորը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում մի շարք քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի հափշտակություններ կատարելու համար մեղադրվող անձ է կալանավորվել:  Կալանավորվածը ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն է:

Նախաքննությամբ պարզվել է՝ Ախոյանը 6 անձանցից 2010-2014 թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ավելի քան 274 միլիոն դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը նորոգելու համար՝ 6800 դոլար։ Գումարը մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին և տնօրինել է սեփական կարիքների համար։ Արագած Ախոյանին ևս մի քանի մեղադրանք է ներկայացվել:

Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008 թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42.560.000 ՀՀ դրամ գումար և հիշյալ անձին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, հորդորում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print