Կառավարությունն ընդունել է որոշում՝ Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հուշարձանի նկատմամբ առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գույքային իրավունքի պետական գրանցումը չի կատարել և լիարժեք չի օգտագործում հոգևոր նպատակներով: Որոշումը հնարավորություն կտա հուշարձանը և դրա տարածքը ամրացնել ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ իրականացնելու հուշարձանի և դրա տարածքի պահպանությունը, պատշաճ օգտագործումը և սպասարկումը: Այդ առումով հնարավոր կլինի նաև ապահովել մշտական հսկողություն հուշարձանի պահպանության վիճակի նկատմամբ: Արդյունքում՝ կապահովվի հուշարձանի և տարածքի լուսավորության հարցը, հուշարձան այցելող զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման խնդիրը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարեկարգված տարածքներում ենթակառուցվածքների գործունեությունն ապահովելու ուղղությամբ, գիշերային լուսավորության առկայությունը կնպաստի հուշարձանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
Կառավարությունը հաստատել է նաև «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները և ընդհանուր տարածքի չափը, ինչպես նաև որպես նվիրաբերություն ընդունել Ակունք համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը: Բնության հուշարձանի անձնագրի հաստատմամբ կամրագրվի նաև վերջինիս պահպանությունն իրականացնող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը: Տվյալ դեպքում պահպանության սուբյեկտ է հանդիսանալու Ակունք համայնքը, որն իր միջոցների հաշվին կիրականացնի համայնքի վարչական սահմաններում գտնվող բնության հուշարձանի առանձնացված երկրատեղանքների պահպանությունը: