ԵՄ շուրջ քաղաքացիական դիտորդներ տեղակայման նախապատրաստական աշխատանքների շրջանակում հոկտեմբերի 20-ին Սյունիք է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը։
Հյուրերին մարզկենտրոնում դիմավորել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ։
Մարզպետարանի մամուլի հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության ղեկավար Ժան Փլեսինջերն ու մարզային իշխանության և ուժային կառույցների ներկայացուցիչները երկուստեք կարևորել են տեղի դերակատարների ներգրավվածությունն ու անմիջական համագործակցությունը՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Հանդիպման ընթացքում մարզի ներկայացուցիչները հյուրերին ներկայացնելով ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով մարզում առաջացած խնդիրները՝ նշվել են, որ Սյունիքում 38 սահմանամերձ բնակավայր ադրբեջանական զինվորների կողմից անմիջական սպառնալիքի տակ է։ Ներկայացուցիչները շեշտել են նաև, որ սեպտեմբերի մարտական գործողությունների հետևանքով տուժել է մարզի 6 բնակավայր, վնասվել՝ 18 բնակելի տուն, վարչական շենքեր, քաղաքացիների մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա ու կազմակերպությունների շինտեխնիկա, թշնամուն են անցել հազարավոր փոքր եղջերավոր անասուններ։ Խոսելով կորուստների մասին՝ տեղի ներկայացուցիչներն ընդգծել են նաև մարզում արձանագրված 2 քաղաքացիական անձանց մահը
Սյունիքի մարզպետի տեղակալները պատվիրակության անդամներին ուղեկցեցին նաև Կապանի Ներքին Հանդ և դեպի Սիսիանի Իշխանասար տանող հատվածներ։ Տեղում հյուրերն արձանագրեցին, որ Ներքին Հանդը փաստացիորեն երեք կողմից շրջափակման մեջ է, և կանայք ու երեխաները շարունակում են բնակվել հարևան գյուղում։ Այստեղ թշնամու նշանառության տակ է հայտնվել նաև գերեզմանատունը։ Արձանագրվել են նաև Կապանի Սրաշեն, Ճակատեն, Շիկահող, Գորիսի Վերիշեն, Ակներ և Տեղ համայնքի Վաղատուր գյուղերին առնչվող խնդիրներ։