Եվրամիությունն արգելել է իր տարածքում ռուսական չորս լրատվամիջոցի՝ հեռուստառադիոհեռարձակման հետ կապված ցանկացած գործունեություն ծավալել՝ հայտնել են ԵՄ Խորհրդից:
Այդ լրատվամիջոցներն են Voice of Europe-ը, РИА Новости-ն, Известия-ն և Российская газета-ն: ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը չի խոչընդոտի ԶԼՄ-ներին և նրանց աշխատակիցներին ԵՄ-ում զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կապված չէ հեռարձակման հետ, օրինակ՝ հետազոտությունների և հարցազրույցների անցկացումը:
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցների հեռարձակման և լրագրողների աշխատանքի սահմանափակման դեպքում «Արևմուտքը կստանա կայծակնային և չափազանց ցավոտ պատասխան»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուսական ԶԼՄ-ների սահմանափակումները բացասաբար կանդրադառնան Ռուսաստանում գործող արևմտյան լրագրողների վրա: