Արտաշատում մայիսի 19-20-ը 28-րդ անգամ անցկացվել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի միջազգային հուշամրցաշարը, որին ավելի քան 120 մարզիկ է մասնակցել՝ Երևանից, Վանաձորից, Կապանից, Արտաշատից, Գյումրիից և Վրաստանից:
Միջին տարածության՝ 3000 մ վազքատարածությունում լավագույն արդյունքը ցույց է տվել Հայաստանի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 8:25.99 րոպե արդյունքով գրավելով առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վանյա Սարգսյանը (9:22.43 րոպե), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վանիկ Մանդալյանը (9:35.02):
Մրցաշարում տպավորիչ ցուցանիշներ է գրանցել նաև արագավազորդ Գայանե Չիլոյանը՝ հաղթող ճանաչվելով 100 մետր և 200 մետր վազքի մրցումներում: 100 մետրում Չիլոյանը ցույց է տվել 11.85, իսկ 200 մետում՝ 24.12 վայրկյան արդյունք: Երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել ամերիկաբնակ վազորդ Ալիսոն Հալվերսոնը (100 մ՝ 12.21, 200 մ՝ 24.59 վայրկյան): Տղաների պայքարում 100 մ, 200 մ վազքի և 4 × 100մ փոխանցավազքի մրցումներում հաղթող է ճանաչվել Սամվել Գևորգյանը:






Կանանց հեռացատկի և եռացատկի մրցումներում առաջին տեղը զբաղեցրել է Յանա Սարգսյանը՝ հեռացատկում ցույց տալով 6.01 մ, իսկ եռացատկում՝ 13.29 մ արդյունք: Տղամարդկանց եռացատկի պայքարում հաղթող է ճանաչվել Գոռ Հովակիմյանը ՝ 16.05 մ արդյունքով, երկրորդ տեղը զբաղեցրել է Լևոն Աղասյանը (15.94 մ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռազմիկ Ղազարյանը (15.53 մ): Տղամարդկանց հեռացատկի մրցումներում առաջին տեղը զբաղեցրել է Գոռ Բեգլարյանը՝ 7.36 մ արդյունքով, երկրորդ տեղը գրավել է Հրաչյա Մինասյանը (6.85 մ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մանուկ Հովհաննիսյանը (6.68 մ):
Կանանց 400 մ վազքի մրցումներում հաղթող է ճանաչվել Միլենա Գրիգորյանը՝ 56.17 վայրկայն արդյունքով, իսկ նույն տարածության տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Արամ Արամյանը (50.72 վայրկյան):
Կանանց 800 մ վազքի մրցումներում 2:10.63 րոպե արդյունքով հաղթողի կոչմանն արժանացել է Էլլադա Ալավերդյանը, տղամարդկանց պայքարում 1:55.57 արդյունքով ոսկե մեդալը նվաճել է Գոռ Հարությունյանը:
Կանանց 1500 մետր վազքի մրցումներում լավագույն արդյունքը ցույց է տվել Մարի Սարգսյանը (5:05.38 րոպե), իսկ տղամարդկանց պայքարում 4:05.73 րոպե արդյունքով հաղթող է ճանաչվել Ռոման Ալեքսանյանը:
Հուշամրցաշարում լավագույն արդյունք ցույց տված մարզիկները Թուրքիայի Իզմիր քաղաքում մայիսի 25-26-ը կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնությանը, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի տեղեկացմամբ հուշամրցաշարն ընտրական բնույթ է կրելու նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնության կազմի ընտրության առումով: Նախատեսվում է ստուգատեսին մասնակցել նվազագույնը 16 մարզիկով: