Ֆրանսիան պաշտպանել է Նեթանյահուի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդերների տրամադրումը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկիրը պաշտպանում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ձգտումը՝ ցանկացած իրավիճակում պայքարել անպատժելիության դեմ։ Այսպես է նախարարությունը մեկնաբանել ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Խանի որոշումը՝ հասնելու ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդի, ինչպես նաև Իսրայելի վարչապետ և պաշտպանության նախարար Բենիամին Նեթանյահուի և Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդերի տրամադրմանը։

«Ֆրանսիան աջակցում է Միջազգային քրեական դատարանին, նրա անկախությանը և ցանկացած իրավիճակում անպատժելիության դեմ պայքարին: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա դատարանի Նախաքննական պալատը պետք է այդ օրդերների արձակման որոշումն ընդունի՝ դատախազի, ի պաշտպանություն իր մեղադրանքի, ներկայացրած ապացույցները քննելուց հետո միայն, ինչպես նաև հաշվի առնելով փոխլրացման սկզբունքը և Իսրայելի դատարանների հնարավոր գործողությունները», – ասվում է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Ֆրանսիան պաշտոնապես դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումը 2023 թվականի հոկտեմբերին։ Նախարարությունը արմատական խմբավորման հարձակումն անվանել է «հակասեմիտական ջարդ»:

Ֆրանսիան կողմնակից է գտնելու այնպիսի լուծում, որը ոչ միայն խաղաղություն կբերի հակամարտության գոտում, այլև վերջ կդնի ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների տառապանքներին, եզրակացրել է նախարարությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է ՄՔԴ դատախազի հայտարարությունը։ Նա դա վրդովեցուցիչ է անվանել և հավելել, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն չի համարում։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՄՔԴ դատախազի որոշումը չի նպաստի այս հակամարտության կարգավորմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print