Իրանի քաղաքականությունը՝ տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելն է․Աբդոլլահիան
ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ այսօր բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Սյունիք են այցելել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։
Ելույթի խոսքում Միրզոյանը նշել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը, կդառնա երկու հարևան և բարեկամ ժողովուրդների յուրօրինակ ցուցիչ, տարածաշրջանում կայունության ու խաղաղության յուրօրինակ հանգրվան։
SputnikԱրմենիայի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբդոլլահյանն էլ ասել է, որ Իրանի քաղաքականությունը՝ տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելն է: Նա նաև հիշեցրել է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը բացելու Թեհրանի պատրաստակամության մասին։ Իր ելույթի խոսքում Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է նաև հետևյալը՝
▪️Սյունիքի մարզը Հյուսիս-Հարավ ծրագրի կարևորագույն հատվածներից է, և Իրանը Հայաստանը համարում է միջանցքի առանցքային տարանցիկ երկրներից մեկը։
▪️Թեհրանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի այս ճանապարհով զարգանան տարանցիկ, բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ:
▪️Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը ցույց է տալիս, թե որքան կարևոր է Իրանի կառավարությունն ու ժողովուրդը վերաբերվում Իրանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերություններին։
Ի դեպ, ԻԻՀ հյուպատոսությունը Կապանում կսկսի աշխատել երկուշաբթի օրվանից։
Հիշեցնենք` Իրանի կառավարությունը 2021թ–ի տարեվերջին որոշում էր ընդունել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, ինչին ՀՀ կառավարությունը տվել էր իր համաձայնությունը։
2022թ-ի օգոստոսին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվեց Աբեդին Վարամինը, որը սեպտեմբերի վերջին անցավ իր պարտականությունների կատարմանը։