ԱՄՆ կոնգրեսականները պահանջով դիմել են Պաշտպանության նախարարին

Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ՝ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թերների գլխավորությամբ, կոլեկտիվ նամակում պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինից պահանջել են, որպեսզի Ուկրաինային թույլ տրվի ԱՄՆ-ի մատակարարած զենքերն օգտագործել Ռուսաստանի թիրախներին հարվածելու համար:

Կոնգրեսականների կարծիքով՝ դա Ուկրաինային հնարավորություն կտա ավելի լավ պաշտպանվել Ռուսաստանից:

Նամակում միաժամանակ վարչակազմին կոչ է արվում «արագացնել Ուկրաինային լրացուցիչ ռեսուրսների հատկացումը»։

Կոնգրեսականները, մասնավորապես, առաջարկում են ավելացնել ուկրաինացի օդաչուների թիվը, որոնք վերապատրաստվում են F-16 կործանիչներով, և միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման համար։

Նամակը պատրաստվել է ամերիկացի օրենսդիրների և ուկրաինացի խորհրդարանականների պատվիրակության հանդիպումից հետո, հայտնել են հանձնաժողովում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print