ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայրենական 10 ընկերություններ «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարի ներքո մայիսի 22-24-ը Փարիզում մասնակցում են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ VivaTech-2024 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Նախարարությունը, կարևորելով հայկական տեխնոլոգիական ներուժի միջազգային ներկայացվածությունը, այս տարի ևս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին միասնական տաղավարով ցուցադրել իրենց նորարարական լուծումները, արտադրանքն ու նվաճումները միջոցառման այցելուներին և մասնակիցներին:
Ամենամյա հեղինակավոր միջազգային հարթակում Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու նվաճումներն արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, ֆինանսական և սպորտային տեխնոլոգիաների ոլորտներում այս տարի ներկայացնում են ԱՏՁՄ-ն, «Մետրիկ», «Իզիթեք», «Սոֆթ կոնստրակտ», «Վիթուվի», «ՖայվԲրեյն լաբս», «Հեքս Դիվիժն», «Դիջի սոֆթ», «Նեքստստեք», «Ադեվից» ընկերություննները և որպես այցելու՝ «Ինորեյն»-ը, «Արփինետ»-ը և «Զլինկ» գիտակրթական ՀԿ-ն:
Միջոցառումը հնարավորություններ է ստեղծում նաև ծանոթանալու ոլորտի միջազգային միտումներին ու զարգացումներին, ձեռք բերելու նոր գործընկերներ, հաստատելու գործարար կապեր:
VivaTech-2024 8-րդ միջազգային ցուցահանդեսը համախմբել է 1000-ից ավելի ստարտափների՝ աշխարհի տարբեր երկրներից: