Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է: Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա օրակարգային տարբեր խնդիրներ, մասնավորապեսսահմանային բնակավայրերում մարդկանց անվտանգային մի շարք հարցեր
կապված սեփականության իրավունքի, կրթության, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Համատեղ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից բարձրացված անհատական բողոքները:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկզբունքը։
Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:
Այնուհետև, Անահիտ Մանասյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարինե Ղազարյանի հետ այցելել է սահմանամերձ Սյունիքի և Աճանանի միջնակարգ դպրոցներ` մասնակցելու Վերջին զանգի արարողությանը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում մաղթել է նրանց երբեք չընկճվել, անընդհատ կրթվել, սիրով վերաբերվել իրենց շրջապատող միջավայրին:
«Կյանքում բազմաթիվ մարտահրավերների կարող եք բախվել, երբեք չընկճվեք, ընկալեք դրանք որպես հնարավորություն և ձեզ շրջապատող միջավայրին վերաբերվեք սիրով: Հիշեք նաև, որ գիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել։ Վստահ եղեք` այս ամենի գիտակցումը ձեզ համար հաջողության նոր դռներ կբացի: Ես սա ասում եմ նաև իմ օրինակով: Թերևս սա է իմ մաղթանքը ձեզ: Ուզում եմ նաև իմ հանձնառությունը հայտնել իմ մանդատի շրջանակում ցանկացած հարցում ձեզ աջակից լինելու»,- Անահիտ Մանասյան:
Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև 2 դպրոցների տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, շրջայց կատարել դպրոցներում, քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր:
Պաշտպանը շրջանավարտներին է հանձնել նաև խորհրդանշական հուշանվերներ: