ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով համակարգում է Արցախից տեղահանված մարդկանց սոցիալական կարիքները հոգալու աշխատանքները, հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը՝ մեկ շաբաթ առաջ կառավարության հաստատած բնակարանային ապահովման ծրագրի հետ կապված պարզաբանումներով։
«2024 թվականի հունիսի 15-ից կսկսենք բնակարան գնելու համար դիմումների ընդունման գործընթացն առաջին բաղադրիչով։ Դա նրանց համար է, ովքեր որոշել են ֆինանսական աջակցությունն օգտագործել պատրաստի բնակարան ձեռք բերելու համար։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 15-ին, կարող են դիմել նրանք, ովքեր ուզեւմ են ֆինանսական աջակցությունն օգտագործել բնակարան կառուցելու համար։ Ունենք նաև երրորդ բաղադրիչը՝ գործող հիպոթեքային վարկավորմանն աջակցության ստաման եղանակով․ այս ուղղությամբ շահառուները կարող են դիմել օգոստոսի 1-ից՝ նրանք այդ ֆինանսական աջակցությունը կօգտագործեն անցյալում ձեռքբերված հիպոթեքային վարկավորման գումարները պետության հաշվին մարելու համար», հայտնել է փոխվարչապետը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով, բոլոր այս երեք բաղադրիչներից օգտվելու պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ունենալը։ «Սա ասում եմ, որպեսզի ԼՂ-ից տեղահանվածները առաջիկա շաբաթներին դիմեն համապատասխան մարմիններ՝ քաղաքացիության ստացման և պետական այս ծրագրերին շահառու դառնալու հիմքեր ստեղծելու համար», ասել է նա։
Քաղաքացիություն ստանալու գործընթացը, ըստ փոխվարչապետի, տևում է մոտ 2 ամիս։ Նրա խոսքով, առ այսօր կան մոտ 2000 դիմումներ, որոնցից 1400-ի դեպքում քաղաքացիության ստացման հարցը լուծվել է։ «Ընդ որում, քաղաքացիության պահանջը վերաբերում է ընտանիքի չափահաս անդամներին», պարզաբանել է նա։ Իսկ անչափահասների դեպքում գործում է անձնագիր ստանալու համար պարզեցված ընթացակարգ։
Անդրադառնալով մեկ շնչի համար տրվող գումարներին, Տիգրան Խաչատրյանը կրկնել է նախորդիվ իր և Նիկոլ Փաշինյանի հայտնած տեղեկությունը․ բազային գումարը մեկ շնչի հաշվով կազմում է 3 մլն դրամ։ «Սակայն դա նվազագույն շեմն է։ Այսպես, օրինակ, քանի որ բնակարան գնելու բաղադրիչը ենթադրում է կոնկրետ ցանկերում ներառված բնակավայրեր, կազմվել և հաստատվել է 2 ցանկ։ Առաջինում ընդգրկված է 242 բնակավայր, որոնք ընտրելու դեպքում շահառուներին կտրվեն 5-ական մլն դրամ գումարներ։ Երկրորդ ցանկում կա 148 բնակավայր, որտեղ արդեն աջակցության չափը կկազմի 4-ական մլն դրամ։ Հիմնականում արևելյան բնակավայրերն են, որտեղ տրվող գումարները կազմում են ամենամեծը», նշել է Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով․ «Կոնկրետ 4 մլն-ական դրամներ տրվում են այն բնակավայրերին, որտեղ կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում սոցիալական ենթակառուցվածքներում, և մենք շահագրգռված ենք, որ այդ բնակավայրերում մարդկանց քանակն ավելանա։ Նաև կատարելու ենք տնտեսական ներդրումներ»։
Խոսելով ոչ բազմանդամ, ենթադրենք 2-3 հոգուց կազմված ընտանիքներին ընդհանուր տրվող գումարների քչության խնդրից, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ, քանի որ ընտանիքների ընդհանուր քանակը դասակարգված է ըստ շնչերի, հունիսի 15-ից մեկնարկող դիմումների ներկայացումը վերաբերում է առաջնահերթ 3 և ավելի անչափահաս անդամ ունեցող, ինչպես նաև զոհվածների և խոցելի (I և II խմբերի հաշմանդամ ունեցող – հեղ․) ընտանիքներին։ Այս խմբում ընդգրկված ընտանիքների թիվն ավելի քան 4000 է, և նրանց բոլորի բնակապահովման հարցերի լուծումը տևելու է մոտավորապես մեկուկես տարի։Այնուհետև կսկսվի մյուս խմբերին աջակցության տրամադրումը։
Խոսելով մարզերում բնակարանների գների ուսումնասիրությունից, Տիգրան Խաչատրյանը շեշտում է, որ, ըստ պաշտոնական տվյալների, 2023 թվականի աշնան դրությամբ Հանրապետության ամբողջ տարածքում պատրաստի բնակարանների 1 քմ-ի արժեքը 200 հազար դրամից նվազ է, բացառությամբ 4 քաղաքների, որտեղ այդ արժեքը նշված շեմից բարձր է։ Խոսելով բազային գումարի որոշման սկզբունքի մասին, փոխվարչապետը պարզաբանել է, որ ըստ համապատասխան հաշվարկների, մեկ շնչի համար նախատեսվում է 15 քմ տարածք, որը բազմապատկելով 200 հազար դրամով՝ կազմում է 3 մլն դրամ։ Այն 4 քաղաքները, որտեղ բնակարանի 1 քմ-ի դիմաց արժեքն ավելի է, քան 200 հազար դրամը՝ Դիլիջանն է, Ծաղկաձորը, Աբովյանը և Երևանը։ «Խոսելով արդեն մեկ շնչին տրվող 4 և 5 մլն դրամների մասին՝ դրանք ավելի քան բավարար են բնակարան ձեռք բերելու համար՝ նշված քաղաքներից բացի մյուս բոլոր բնակավայրերում», հավելել է Տիգրան Խաչատրյանը, ում խոսքով՝ բնակապահովման ծրագրի առավելագույն արժեքը, որ պետությունը կարող է ֆինանսավորել, կազմում է 55 մլն դրամ։
«Այն արցախցիները, ովքեր աշխատում են և պլանավորում են ձեռք բերել բնակարաններ, որոնց արժեքն ավելին է, քան պետական ֆինանսավորման գումարները (խոսքը վերաբերում է տրվող՝ արդեն 3-ական մլն դրամներին – հեղ․), կարող են դիմել բանկեր և ձևակերպել հիպոթեքային վարկեր՝ իրենց նախընտրած բնակարանները, որոնք չեն գտնվում Երևանի առաջին և երկրորդ գոտիներում, ձեռք բերելու համար։ Այսպես, եթե ընտանիքում կա 5 շահառու, որոնց տրվող աջակցության ընդհանուր չափը կազմում է 15 մլն դրամ, ապա այդ ընտանիքը կարող է, օրինակ, Աբովյանում ձեռք բերել 23 մլն դրամ արժեքով բնակարան, եթե ընտանիքի անդամներից գոնե 2-ն աշխատանք ունեն ու բանկը համաձայն է պակասող 8 մլն դրամը հիպոթեքով ֆինանսավորել։ Այս հնարավորությունը կա շատ ընտանիքների համար։ Մեր տվյալներով, Արցախից տեղահանված անձանցից մոտ 16 հազարն ունի գրանցված աշխատանք, և կարծում եմ՝ նրանց համար հնարավորություն է հավելյալ վարկավորմամբ ձեռք բերել նախընտրելի բնակարան», նշել է Տիգրան Խաչատրյանը։
Բնակարանը շահառուի սեփականությու՞նն է․ այն, գնելու դեպքում, ի սկզբանե կձևակերպվի որպես սեփականություն, բայց այստեղ էլ կա պետության առաջադրած պայմանը․ գնումից հետո, առաջիկա 10 տարիների կտրվածքով, տվյալ ընտանիքը պետք է բնակվի ՀՀ-ում։ Եթե այդ ընթացքում կես տարի ժամկետով ընտանիքը բացակայի իր բնակարանից, դա պետության համար հիմք կլինի՝ դադարեցնելու աջակցությունը։ Եթե այս պայմանները պահպանվում են, ապա 10 տարուց հետո բնակարանը լիարժեք կպատկանի ընտանիքին։
Տիգրան Խաչատրյանը նաև հայտարարել է, որ ներկայում մշակվում է խորհրդատվական համակարգ․ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում այն կհստակեցվի, խորհրդատվությունը և տեղեկատվությունը կհրապարակվի հասանելի բոլոր հարթակներով։ Բացի դա, Միասնական սոցիալական ծառայությունը ևս կներկայացնի խորհրդատվություն։
Փոխվարչապետը նաև հայտնել է, որ բնակարանաշինությունը պետք է իրականացնի պետական լիցենզավորում ստացած շինկազմակերպությունը՝ տիպային նախագծով։ «Դա էլ է պարտադիր պայման և այն որոշվել է, որպեսզի շինարարությունը երաշխավորված ավարտին կհասցնի, ամենայն հավանականությամբ։ Մենք հետևողական կլինենք այդ հարցում ևս», ամփոփել է Տիգրան Խաչատրյանը։
oragir.am