Եթե մեր ռազմավարական տեսլականն Իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու, որովհետև մեր միջավայրը մեզ համարելու է ռազմավարական սպառնալիք և հետևաբար, ամեն ինչ անելու է մեր պետականությունը կամ ֆիզիկապես ոչնչացնելու, կամ նրա զարգացումը թույլ չտալու համար: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ երկրորդը, երբ մեր սահմանափակ ռեսուրսներն ու էներգիան չենք ծախսում Իրական Հայաստանի ռազմավարական կարիքների վրա, չենք ունենում այն արդյունքները, որ կարող էինք ունենալ, և Հայաստանի զարգացումը, մեր երեխաների ապագան խոչընդոտվում է կրկնակի: Եվ խաղաղությունը, որ այնքան հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, դառնում է առավել անհասանելի:
Այս պայմաններում էականորեն վնասվում է մեր երկրի ինքնիշխանությունը, որովհետև երբ հայրենիքի մասին քո պատկերացումները ճշգրտորեն չեն նույնականանում քո երկրի միջազգայնորեն լեգիտիմ սահմանների հետ, դու ստիպված ես բացել ճանապարհն ուրիշների անհամաչափ ազդեցությունների համար, որովհետև քեզ թվում է, թե այդպիսով ուժ և աջակցություն ես ստանում առաջ մղելու քո լեգիտիմ սահմանների հետ չհամընկնող օրակարգերը: Այսպիսով, ահա, կրկին հայտնվում ենք հայրենասիրության Խորհրդահայ մոդելի մեջ:
Հենց այս մոդելն է, որ հայրենիք հասկացությունը տարանջատել է պետություն հասկացությունից՝ լուծելով գործնական խնդիրը, որ հայ ժողովուրդը հայկական ԽՍՀ-ն, թեկուզ ոչ լիարժեք, բայց պետությունը հայրենիք չհամարի, որովհետև այդ պետությունը հայրենիք համարելու հաջորդ քայլը, անկախության գիտակցության խորացումն էր լինելու:
Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան:
Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել աշխատելու Հայաստանի ապագան ապահովելու բանաձևերի վրա, այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո: Ու մտածումներս ինձ բերել են միանշանակ համոզման, ինչպես ապագայի ու ապագա սերունդների, այնպես էլ այսօրվա ու այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար Իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ:
Եվ այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին:
Մենք անցնում ենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհի վերջում մեր Ավետյաց երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը, այն տարբերությամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ հաճախ չենք նկատում մեր Ավետյաց երկիրը, և այն չնկատելու բերումով ենք շարունակում Ավետյաց երկրի փնտրտուքը:
Այսօր մեր երկիրը կատարյալ չէ, նաև այն պատճառով, որ Ավետյաց երկրում Ավետյաց երկրի մեր անվերջանալի փնտրտուքը մեզ թույլ չի տալիս կոնկրետանալ և ձևակերպել այն հարցի պատասխանը, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն-պետություն ենք ուզում կառուցել, և սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է ձևակերպում սյուն առ սյուն:
Ու մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը, որն այո՛, ուղեգորգով չի պատված, այլ անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց միակն է, որ հորիզոն ունի իր առաջ ու տանում է դեպի իրական Ավետյաց երկիր, Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն:
Սա վճռորոշ ճանապարհ է. փիլիսոփաներից մեկն ասում է, որ լավագույնն այն ճանապարհն է, որ քեզ հասցնում է այնտեղ, որտեղ դու կաս: Այս ճանապարհը մեզ հասցնում է այնտեղ, որտեղ մենք կանք՝ Հայաստանի Հանրապետություն, և հնարավորություն է տալիս մեր իրականությանը նայել բոլորովին այլ դիտանկյունից: Եվ այդ, միայն այն դիտանկյունից է, որ երևում է ապագան և դեպի այդ ապագան գնալու երթուղին: Այդ ճանապարհն ամբողջությամբ անցնելու երաշխիքը մեկն է. համաժողովրդական իմացություն և առաքելության համոզմունք քաղաքական առաջնորդության շրջանում:
Մեր քաղաքական թիմը և ես ապրում ենք այդ առաքելությամբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձև, որը պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը և այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլև մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոգևորել այդ տեսլականով ու բանաձևով, որովհետև սա մի բանաձև է, մի շարժում է, որ մեզ տանում է դեպի իրական անկախություն և ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն:
Սա բանաձև է, որ մեր տաղանդավոր ժողովրդին, բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, հնարավորություն է տալու կոնկրետացնել և վայելել սեփական աշխատանքի արդյունքը՝ ի դեմս ազատ, արդար, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի: Ինչպե՞ս, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ենք հասնելու այս նպատակին, մանրամասն ներկայացրել եմ ս/թ մայիսի 7-ի ասուլիսում, այլ ելույթներում ու այս ձևաչափով նույնը կրկնելու կարիքը չեմ տեսնում:
Այս ուղերձի առանցքային նպատակն է պարզաբանել, մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, մեր երկրի հետ, և թե ինչու՞ է դա տեղի ունենում: Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում և մեր գիտակցության մեջ: Դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք: Դա անկախության և ինքնիշխանության շարժում է, որը մենք պետք է հասցնենք իր հանգրվանին, և ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը:
Մեր առաքելությունն է պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացուն և ոչ թե քաղաքացուն ծառայեցնում է իրեն: Թե 2018 և թե 2021 թվականին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու Հայաստանի Հանրապետության ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»,- նշել է վարչապետը: