Հետպատերազմյա ճգնաժամը Ջերմուկում

Քաղաքապետի խոսքով մարդիկ անցել են բնականոն կյանքին, սակայն պատկերն առողջարաններում այլէ․ նախկին 80 տոկոսի փոխարեն այժմ ընդամենը 7-8 տոկոսն է զբաղեցված

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայից հետո առողջարանային քաղաքում տիրող իրավիճակը։

Արսենյանի խոսքով քաղաքում բնակչության 85 տոկոսը վերադարձել է բնականոն կյանքի, դպրոցներն ու մանկապարտեզները արդեն գործում են, իսկ բոլոր վնասված ենթակառուցվածքները վերականգնվել և վերականգնվում են։

Ինչ վերաբերում է առողջարաններին, ապա քաղաքապետը նշել է, որ բացվել են բոլոր հյուրանոցներն ու առողջարանները, սակայն ընդամենը 7-8 տոկոսն է զբաղեցված՝ նախկին 80 տոկոսի փոխարեն։

«Հանգստացողների մոտ անհանգստություն կա, բայց կոչ եմ անում բոլորին պաշտպանության նախարարության աշխատանքներին խառնվելու փոխարեն, գալ այստեղ` հանգստանալու։ Եթե չեն կարող կռվել, թող գան գոնե Ջերմուկում հանգստանան»։

Զրույցի ընթացքում Արսենյանն ընդգծել է, որ հաշվում են Ջերմուկ քաղաքի վնասները և պատրաստվում են դիմել կառավարությանը, որպեսզի փոխհատուցվեն հյուրանոցների սեպտեմբեր ամսվա կոմունալ վճարներն ու աշխատավարձերը։

Արսենյանը վստահեցնում է, որ մարդիկ իրենց բնականանոն կյանքով են ապրում և՛ Ջերմուկում, և՛ հարակից վայրերում, կրակոցներ չկան։

«Նոր եմ իջել դիրքերից, բայց ես ինձ չեմ վերապահում դիրքերից խոսել, թող դրանից խոսի ՊՆ-ն, ասում են դիրքի 90 տոկոսը վերցրել են, ո՞նց են վերցրել, եթե հայ զինվորը կանգնած պաշտպանում է։ Ինչո՞ւ են զինվորին այդպես վարկաբեկում»,-մեկնաբանել է քաղաքապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print