Հայաստանի ընտրանին նախապատրաստվում է Սլովենիայի ու Ղազախստանի հետ հանդիպումներին

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսում է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարեւիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնեւ – «Փյունիկ»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» 
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ» 
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Գեւորգ Տարախչյան – «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»

Էդուարդ Սպերցյանը, Էդգար Սեւիկյանը եւ Նաիր Թիկնիզյանը թիմին կմիանան այսօր՝ ավելի ուշ: Վարազդատ Հարոյանը հավաքականի ճամբար կժամանի վաղը՝ մայիսի 28-ին: Տիգրան Ավանեսյանը Երեւան կժամանի հունիսի 3-ին, քանի որ հունիսի 2-ին կկայանա Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ «Բալթիկա»-«Զենիթ» հանդիպումը: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու hետ, իսկ հունիսի 7-ին Երեւանում ընկերական խաղի շրջանակում ուժերը կչափի Ղազախստանի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը հրապարակել էր մայիսի 22-ին:

Մեկնաբանելով ցուցակը՝ Պետրակովը ՀՖՖ կայքի հետ զրույցում նշել էր. «Առաջիկա ընկերական խաղերը լավ հնարավորություն է փորձարկելու երիտասարդ ֆուտբոլիստների շատ լավ թիմերի դեմ խաղերում: Հենց այդ նպատակով են հավաքական հրավիրվել Գեւորգ Տարախչյանը, Էրիկ Սիմոնյանը, Անդրանիկ Հակոբյանը եւ Գոռ Մանվելյանը: Կրկին թիմ են հրավիրվել նաև մյուս երիտասարդները՝ Տիգրան Ավանեսյանը եւ Սերգեյ Մուրադյանը: Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Չալըշըրը, Նարեկ Գրիգորյանը եւ Ուգոչուկվու Իվուն: 

Այս անգամ հավաքական չի ժամանի նաեւ Լուկաս Սելարայանը: Նա ուներ անձնագրային խնդիրներ, որոնք կարգավորելու նպատակով հենց հավաքականի հանդիպումների ժամանակահատվածում Լուկասը պետք է մեկնի Արգենտինա: Ես հրավիրել էի նաեւ Սարգիս Ադամյանին, բայց նա ինձ տեղեկացրեց, որ չի կարող միանալ հավաքականին՝ պատճառաբանելով, որ երկրորդ Բունդեսլիգայի նախապատրաստական շրջանն ավելի շուտ է մեկնարկում, եւ իրեն հանգստանալու հնարավորություն է պետք:

Ինչ վերաբերում է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանին, ապա, հաշվի առնելով, որ ՖԻՖԱ-ի՝ ընկերական խաղերի համար նախատեսված պատուհանը բացվում է հունիսի 3-ին, իսկ Նորբերտոյի թիմը հանդիպում ունի անցկացնելու հունիսի 2-ին, նա կկարողանար միանալ հավաքականին միայն հունիսի 4-ին Սլովենիայում: Հենց այդ պատճառով Նորբերտոն բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները»:

Հիշեցնենք, որ ազգային թիմերի մակարդակով Հայաստանն ու Սլովենիան երբեւէ չեն հանդիպել:

Իսկ ահա Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հակամարտությունը երկար պատմություն ունի:

Առաջին հանդիպումը կայացել է 2004-ի փետրվարի 19-ին, երբ Կիպրոսի մրցաշարի շրջանակներում թիմերը Պաֆոսում 3-3 խաղացին, սակայն քանի որ նրանցից մեկը պիտի հաջորդ փուլ դուրս գար, նշանակվեց 11-մ հարվածաշար, որտեղ 3-2 հաշվով հաղթեցին ղազախները: Ընդ որում՝ դա միակ դեպքն է, որ մեր թիմը նման հարվածաշարի է մասնակցել: Այդ խաղում աչքի ընկան Գալուստ Պետրոսյանը, Արտավազդ եւ Արման Քարամյանները:

Հաջորդ երկու հանդիպումները պաշտոնական էին: «Եվրո-2008»-ի ընտրական փուլում՝ 2007-ի հունիսի 2-ին, Ալմաթիում մերոնք 2-1 հաշվով հաղթեցին դաշտի տերերին: Աչքի ընկան Ռոբերտ Արզումանյանն ու Սարգիս Հովսեփյանը: 2007 թ. նոյեմբերի 21-ին՝ երեւանյան պատասխան խաղում, ղազախներն անակնկալ հաղթեցին 1-0 հաշվով:

2008-ի մարտի 26-ին հոլանդական Պերնիսում կայացած ընկերական խաղում Էդգար Մանուչարյանի միակ գոլը հաղթանակ պարգեւեց մեր թիմին: Մեկ այլ ընկերական մրցավեճ տեղի ունեցավ Երեւանում 2012-ի հունիսի 5-ին: Հայաստանի ընտրանին 3-0 հաշվով առավելության հասավ, դուբլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը:

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ 2017-ի մարտի 26-ին, Երեւանում մեր թիմը ղազախներին հաղթեց 2-0 հաշվով: Աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիզը: 2017-ի հոկտեմբերի 8-ին կայացած պատասխան խաղում գրանցվեց 1-1: Մերոնցից աչքի ընկավ Մխիթարյանը:

Այսպիսով՝ Հայաստանն ու Ղազախստանը ընկերական եւ պաշտոնական 7 հանդիպում են անցկացրել, մեր ընտրանին հաղթել է 4 անգամ, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, մի անգամ էլ հաղթել են միջինասիացիները: Խփած եւ բաց թողած գոլերի տարբերությունը 11-6 է՝ հօգուտ մերոնց:

Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն զբաղեցնում է 95-րդ տեղը, Սլովենիան 57-րդն է, իսկ Ղազախստանը՝ 103-րդը: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print