Փաշինյանն ընդունել է Աբդոլլահիանին

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստան այցի նպատակներից է նաև երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար ճանապարհային քարտեզ սահմանելը։

Հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։

Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը։

ՀՀ վարչապետն իր ելույթում նախ շնորհավորել է կողմերին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ և ընդգծել, որ իր կարծիքով` այդ քայլը փոխադարձաբար արտահայտում է ՀՀ և ԻԻՀ մտադրությունները հարաբերությունների զարգացման առումով։

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ նշել է, որ Իրանը կարևորում է հարևան պետությունների հետ հարաբերությունները՝ շեշտելով հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։

 «Այսօր ես և իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»,- ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տնտեսական համագործակցությանը, երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային միջավայրի շուրջ: Վարչապետը կարևորել է իրանական կողմի հստակ գնահատականները և ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ գործակցությունը:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print