ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Դրանում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը:
Հայ ժողովուրդն, իր առջև ծառացած ծանրագույն ժամանակաշրջաններից մեկն ապրելով, կարողացավ ոչ միայն պահպանել իր ինքնությունը, լեզուն և մշակույթը, այլև կերտեց անկախ հանրապետություն, որը մերօրյա ազատ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է:
Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության համար: Անկախ և ինքնիշխան պետություն ունենալու անկոտրում գիտակցությունն առայսօր կարևորագույն շարժիչ ուժն է՝ հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, կերտելու և պահպանելու հզոր, ինքնիշխան և ժողովրդավար պետություն, որի հիմքում քաղաքացու ընտրական իրավունքն ու իրավահավասարությունն են:
Այո՛, այսօր` 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում: Հայաստանի Հանրապետությունը կա և լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար և խաղաղ ապագայի:
Շնորհավո՛ր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և մեր պետականության վերածննդի օրը: Շնորհավո՛ր Մայիսի 28»: