Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետությունը

Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան այսօր պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետությունը, նրանք շուրջ 10 տարվա ընթացքում առաջին եվրոպական երկրներն են, որոնք նման որոշում են կայացրել:

Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Միխոլ Մարտինը կառավարության հատուկ նիստից հետո հայտարարել է, որ գործադիր մարմնի այսօրվա որոշումը թույլ կտա լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պաղեստին պետության հետ:

Նա նաև հայտնել է, որ պաղեստինյան կողմից համապատասխան խնդրանքից հետո մտադիր է բարձրացնել Իռլանդիայում Պաղեստինի դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակը։

Պաղեստինը ճանաչելու իրենց մտադրության մասին Դուբլինը, Մադրիդը և Օսլոն հայտարարել էին դեռ մայիսի 22-ին: Նրանց որոշումներն այսօր պաշտոնապես ուժի մեջ կմտնեն։ Մինչ այդ Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ 8 երկիր՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թ-ին՝ դեռևս ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թ-ին:

Պաղեստինի ազգային վարչակազմի իշխանությունները ողջունել են Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի որոշումը: Բացի այդ, այդ քայլը դրական են գնահատել մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Կատարը, որոնք մասնակցում են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print