Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները մեկնարկել են հաղթարշավով։
Ծանրորդներ Արա Աղանյանը, Գարիկ Կարապետյանը և Լիանա Գյուրջյանը նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը իրենց տարիքային խմբերում։
SputnikԱրմենիայի փոխանցմամբ՝ մրցումային օրվա ընթացքում առաջինը Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկան Լիանա Գյուրջյանն ու էմմա Պողոսյանը։ Մ20 մրցաշարի կանանց 81 կգ քաշային կարգում Գյուրջյանը, երկամարտում գրանցելով 223 կգ (98+125) արդյունք, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Պողոսյանը երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով դարձավ փոխչեմպիոն:
Լիանա Գյուրջյանը հաջող կատարեց բոլոր մոտեցումները՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Այսինքն՝ նվաճեց նաև փոքր ոսկե մեդալները։
Հայ ծանրորդների հաղթարշավը շարունակեց Գարիկ Կարապետյանը։ Նա ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:
Մ23 ծանրորդների 96 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց նաև Արա Աղանյանը։Հայ ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: