Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին չի ակնկալում, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքը», որը օրենսդիր մարմինն ընդունել է երեքշաբթի՝ հաղթահարելով նախագահի կիրառած վետոն:
Պապուաշվիլին ասել է, որ ինքը կստորագրի փաստաթուղթը։
«Օրենքը երեկ ուղարկվել է նախագահի աշխատակազմ։ Հիմա սպասում ենք ստորագրությանը։ Հասկանալի է, որ մեծ հավանականությամբ չի ստորագրի։ Ըստ այդմ՝ ես կստորագրեմ այս օրենքը»,- մամուլի ասուլիսում ասել է խորհրդարանի նախագահը։
Ընթացակարգի համաձայն՝ վետոն հաղթահարելուց հետո օրենքը եռօրյա ժամկետում կրկին ուղարկվում է նախագահին ստորագրության։ Եթե պետության ղեկավարը հինգ օրվա ընթացքում այն չստորագրի, օրենքը ստորագրում և հրապարակում է խորհրդարանի նախագահը, որից հետո այն ուժի մեջ է մտնում։