Հայաստանում ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է մաքսային մարմին այցելելու ընթացակարգի փոփոխություն։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց արտահանման համար հնարավոր դյուրացումների մասին:
«Առհասարակ ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին ֆիզիկապես այցելելու կարիք չեն ունենա: Այլևս անհրաժեշտություն չի առաջանա մաքսային մարմին այցելելու, կստանա էլեկտրոնային ծանուցում և դրան կպատասխանի, կամ կճշգրտի հայտարարագիրը, կամ չի համաձայնի, կամ բողոքարկում կնախաձեռնի էլեկտրոնային հարթակի միջոցով: Այսինքն՝ մաքսային մարմին և հարկ վճարող տնտեսավարող ֆիզիկական կապը առհասարակ կարող ենք բացառել՝ չհաշված վարորդներին»,-ասաց ՊԵԿ նախագահը: