Մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից


Մայիսի կեսերին տեղի ունեցած մահափորձից հետո հիվանդանոցում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դուրս են գրել։ Նա Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Բրատիսլավայի իր տուն՝ հետագա ապաքինման համար։

Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը գրում է, որ այս մասին մայիսի 31-ին հաղորդել է բուժհաստատության ղեկավարությունը՝ հաստատելով ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը։

Բանսկա Բիստրիցայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիամ Լապունիկովան հայտնել է, որ Ֆիցոյին տուն, այլ ոչ թե ուրիշ բուժհաստատություն տեղափոխելը կատարվել է նրա պահանջով։ Կառավարության ղեկավարը ցանկացել է դուրս գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակել տնային պայմաններում, հենց առողջական վիճակը թույլ տա։ Լապունիկովայի խոսքով՝ ապաքինման գործընթացը հաջողությամբ է ընթանում։

Հիշեցնենք, որ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումը տեղի է ունեցել մայիսի 15-ին, երկրի կենտրոնական մասում գտնվող Հանդլովա քաղաքում։ Քաղաքական գործիչը վիրավորվել էր որովայնից, ձեռքից և ոտքից։ 71-ամյա կասկածյալը ձերբակալվել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print