ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը լարվածություն են առաջացնում Վրաստանում և հայ-ադրբեջանական հարաբերություններում․ Բելոուսով

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը Ռուսաստանի հետ դիմակայության իրենց որդեգրած ուղեգծով լարվածության աճ են առաջացնում Վրաստանում և հայ-ադրբեջանական հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը՝ Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

«Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում, դրանով իսկ հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա։ Ապակայունացվում է իրավիճակը, և ֆինանսավորվում են բողոքի ակցիաները Վրաստանում, որտեղ ակտիվ հակառուսական գործողություններ են իրականացվում»,- ասել է Բելոուսովը:

Նրա խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին էլ հակասությունների կարգավորման համար պարտադրվում է արևմտյան միջնորդություն: «Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և նրանց թելադրանքով: Հատուկ մտահոգություն են առաջացնում Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի տիրույթում ներգրավելու համար»,- կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print