Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին գրանցվել է Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների նախագահի թեկնածու։ Ալի Լարիջանին պաշտոնապես գրանցվել է որպես թեկնածու նախագահական ընտրությունների գրանցման երկրորդ օրը: Նրա խոսքով՝ տնտեսական առաջընթացի համար իր դիվանագիտության առաջնահերթությունների թվում կլինի պատժամիջոցների վերացումը: Լարիջանին եղել է երեք գումարումների խորհրդարանի նախագահ, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար և ռադիոյի և հեռուստատեսության կազմակերպության նախագահ: Եթե պահապանների խորհուրդը թույլ տա նրան առաջադրվել նախագահի պաշտոնում, ապա ակնկալվում է, որ նա կլինի գլխավոր թեկնածուն:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Իբրահիմ Ռաիսիի զոհվելուց 50 օր անց: Այսօր նախագահական ընտրություններին մասնակցելու գրանցման երկրորդ օրն է: Մինչ օրս գրանցվել է 6 մարդ՝ Մուհամեդռզա Սաբաղիանը, Աբբաս Մուկտադան, Մուստաֆա Կավակբիանը, Քադրաթալի Հաշիմթիանը, Սաիդ Ջալիլին և Ալի Լարիջանին: