2022թ․ 9 ամիսների ընթացքում հարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը՝ 8%-ը, կազմում են հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները։
2022 թվականի 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։
ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77․2 մլրդ դրամով կամ 5․8%-ով:
«Հարկային եկամուտները 2022թ․ առաջին 9 ամիսներին շուրջ 275 մլրդ դրամով կամ 24.2%-ով գերազանցել են 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչը վերջին տարիներին արձանագրված ամենաբարձր աճի տեմպն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 172 մլրդ դրամ, ինչը 39․7 մլրդ դրամով կամ 30%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի՝ ըստ նորմատիվների բաշխման արդյունքում ներմուծման մաքսատուրքերի գծով մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 21․6 մլրդ դրամով կամ 35%-ով։
Նշվում է նաև, որ 2022թ․ 9 ամիսների ընթացքում հարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները։ Այս ոլորտին բաժին է ընկնում հարկային եկամուտների շուրջ 8%-ը։
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշորագույն հարկատուների ցանկի առաջատարը շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 9 ամսում պետական գանձարան է վճարել գրեթե 130 միլիարդ դրամ։