Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը մայիսի 30-ին բացել է իր կապի և աջակցության նոր գրասենյակը՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Այս մասին նշվում է դիտորդական առաքելության կայքում տարածված հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ առաքելության նորաբաց գրասենյակը կաջակցի ԵՄ առաքելության մանդատի և գործունեության իրականացմանն` ամրապնդելով նրա ներգրավվածությունը Հայաստանի մայրաքաղաքում գործող ազգային և միջազգային գործընկերների հետ:
«Մեր նոր կապի գրասենյակը կհեշտացնի փոխանակումը և կբարձրացնի համակարգումը Երևանում շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու առաքելության մանդատի իրականացմանը։ Այն նաև ծառայում է որպես աշխատատեղ մեր անձնակազմի համար»,- ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Նոր գրասենյակի բացմամբ՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունն այժմ գործում է Հայաստանի յոթ տարբեր վայրերում․ առաքելության առաջնային հենակետերը տեղակայված են Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Իջևանում, Գորիսում և Կապանում։
Մինչ օրս առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմից իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն։
Առաքելությունն իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարի 20-ին և ներկայում ունի առաքելության 132 անդամ՝ ԵՄ անդամ 23 պետություններից: Քաղաքացիական առաքելությունն ունի երկամյա մանդատ, որը գործում է մինչև 2025 թվականի փետրվարը: