Ռուս մասնագետները սկսել են վերականգնել Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային երկաթուղային հաղորդակցությունը

«Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի մասնագետներն աշխատանքներ են սկսել վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի ներսում և Հայաստանի և Վրաստանի միջև, որը խաթարվել էր տարերային աղետի հետևանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։

«Համաձայն փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձեռք բերված պայմանավորվածությունների՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի մասնագետներն արագ սկսել են վերականգնել Հայաստանի և Վրաստանի միջև ներքին և միակ միջազգային երկաթուղային հաղորդակցությունը, որը խաթարվել էր Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղի ունեցած բնական աղետի հետևանքով»,- նշել է նա։

Մատվեևի խոսքով՝ Ռուսաստանը միջոցներ է հատկացնում Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար։

«Հաշվի առնելով երկաթուղու կարևորությունը Հայաստանի բնակչությանը կենսական նշանակության ապրանքներով ապահովելու համար, վերականգնման համար ֆինանսական ռեսուրսներ են հատկացվում Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է նա և հավելել, որ ռուս մասնագետներն ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ հնարավորինս արագ վերականգնվի։

Ջրհեղեղի հետևանքով ութ տեղերում վնասվել են երկաթուղային գծեր՝ մինչև 2 կմ ընդհանուր երկարությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print