Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու նախագիծը վավերացնելուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ դեռ 2017 թվականից քննարկվել է ՀՀ կառավարության կողմից Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու հարցը:
2019թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է, որ Հայաստանը 5 բաժնեմասով բաժանորդագրվի բանկին, սակայն առաջարկը սկզբունքորեն մերժվել է բանկի կողմից՝ նշելով, որ 5 բաժնեմասով բաժանորդագրված են բացառությամբ ամենափոքր թեկնածուները:
«Միանալու ենք 374 բաժնեմասի բաժանորդագրությամբ, գումարը վճարվելու է 5 մասով՝ ամեն տարի ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով: Կարծում ենք, որ ռիսկերի և վարկային միջոցների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից նախագիծն արդարացված է»,–ասաց Նարեկ Հովակիմյանը:
Թե ինչ կտա Հայաստանին բանկին միանալը՝ Հովակիմյանն ասաց, որ ներդրումային բանկի անդամ դառնալով՝ ներդրումների տեսանկյունից լայն սպեկտոր է բացվում:
«Այս պահին հիմնական նպատակներից մեկն այն է, որ հնարավորություն ենք ունենում դառնալ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության մեծ ներդրումային ծրագրի անդամ և ենթակառուցվածքների առումով ներգրավել մի շարք ներդրումներ և ցածր տոկոսադրույքով վարկային միջոցներ»,–ասաց նա:
Ըստ նախագծի հիմնավորման՝ բանկին անդամակցելը կարևորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից: Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով՝ Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար:
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն և բարելավել ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում և այլ արդյունավետ ոլորտներում, խթանել տարածաշրջանային զարգացումը Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում՝ այլ միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ:
Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում: