Սյունիքում իրազեկման հանդիպումներ են կազմակերպվում

Սյունիքի մարզպետի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի անդամները իրազեկման հանդիպումներ են սկսել մարզի համայնքներում, որպեսզի այստեղ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տեղեկացնեն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» մասին։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Մարզպետի աշխատակազմի՝ տեղական ինքնակառավարման ու սոցիալական ոլորտների մասնագետները մայիսի 30-ին նման հանդիպումներ են անցկացրել Մեղրի և Քաջարան, մայիսի 31-ին՝ Տեղ և Տաթև համայնքներում։

Առաջիկայում նման իրազեկման հանդիպումներ կկազմակերպվեն նաև մարզի մյուս համայնքներում։

Մարզպետարանից հայտնում են, որ հաստատված ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝

  • Առաջինը բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով:
  • Երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը,
  • Երրորդը՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը:

Հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում:

  • Առաջինը՝ 5 մլն դրամ, 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու:
  • Երկրորդը՝ 4 մլն դրամ, 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում:
  • 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից, և
  • 2 մլն դրամ, եթե արդեն քաղաքացին ունի հիփոթեք, կրկին՝ բացառությամբ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքից:

Նշվում է նաև, որ Սյունիքի բոլոր գյուղական բնակավայրերում և Գորիս քաղաքում տուն ձեռք բերողները ընտանիքի մեկ անդամի հաշվով 5 մլն դրամ կստանան, մարզի մյուս քաղաքներում՝ 4 մլն դրամ։

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print