ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղավոր ճանաչվեց, ապա համաներման ենթարկվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանը քիչ առաջ հրապարակեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը:

Դատարանը որոշեց Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով, մյուս առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակել պատժի կրումից:

Նախկին փոխոստիկանապետը համաներվեց Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին անկախության հռչակման 100-ամյակի առիթով։

Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու առիթով հարուցված քրեական գործով է նա մեղադրյալի աթոռին: Օրեր առաջ Երանոսյանն իր վերջին խոսքն ասաց դատարանում։ Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում։ Դատավոր Հարություն Մանուկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էականորեն վնասել են քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print