Հայաստանի իշխանությունները ցանկանում են համագործակցություն հաստատել Skill India սերտիֆիկացված աշխատողների պետական բազայի հետ, որպեսզի կարգավորեն Հնդկաստանից աշխատանքային միգրանտների հրավերը: Այս մասին 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության լսումների ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Այդ բազայով Հնդկաստանն արտերկիր է ուղարկում տարեկան մոտ 60 մլն աշխատանքային միգրանտ։ Նախարարի խոսքով՝ այստեղ երկրի կառավարությունը քաղաքացիների մասնագիտական հմտությունների մասին տվյալներ է մտցնում։
Նա հավելել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են և՛ Հնդկաստանի դեսպանի, և՛ Հնդկաստանի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Պատրաստվում է համաձայնագիր, որի համաձայն բիզնեսը կկարողանա այդ տվյալների բազայից ընտրել աշխատակիցներին և նրանց հրավեր ուղարկել, իսկ այդ քաղաքացիների մասին տվյալները, մինչ նրանց Հայաստան ժամանելը, կստուգեն նաև պետական անվտանգության մարմինները:
«Հարցը ոչ միայն դա է, այլև հենց աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։ Չէ որ մի բան է, եթե նրանք գալիս են աշխատանքային պայմանագրով, և մեկ այլ բան, որ առանց դրա են գալիս և ոչ մի տեղ չեն գրանցում որպես վարձու աշխատողներ», – հավելել է նախարարը։
Նշենք, որ Sputnik Արմենիան բազմիցս անդրադարձել է հնդիկ աշխատանքային միգրանտների խնդիրներին (օգտվելով աշխատանքային պայմանագրերի բացակայությունից՝ գործատուները հաճախ նրանց խաբում են դրամական հաշվարկներ անելիս)։