Ադրբեջանը Հայաստանից մոտ 127 քառ. կմ սահմանամերձ տարածք է օկուպացրել. Արմեն Խաչատրյան

Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թթ. վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառ. կմ սահմանամերձ տարածք: Այս մասին տեղեկացնում է Auroranews-ը՝ հղում անելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ելույթը՝ հոկտեմբերի 18-21-ը Սանկտ Պետերբուրգում անցկացված ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցության ընթացքում:

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով ցանկանում է Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողություն հաստատել:

«Ադրբեջանը բացահայտ հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին և պատրաստ է շարունակել ակտիվ ռազմական գործողությունները երկրի հարավային հատվածի՝ Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա կապ հաստատել Նախիջևանի ինքնավար մարզի, իսկ այնտեղով՝ Թուրքիայի հետ, և այդպիսով լիակատար վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի մեկուսացված տարածքի նկատմամբ։ Մենք չենք բացառում ադրբեջանական զինուժի մարտական ներուժի ավելացումը թուրքական կազմավորումների հաշվին, որոնք արդեն իսկ ունեն սեփական զորամիավորումը երկրի տարածքում՝ Նախիջևանի ինքնավար մարզում՝ ընդհանուր թվով ավելի քան հազար մարդ», — ասել է Խաչատրյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի լռությանը՝ Խաչատրյանը սուր քննադատության է ենթարկել կառույցին՝ հավելելով, թե ինչու դաշինքը որևէ քայլ չի ձեռնարկում ռազմական, անգամ մարդասիրական օգնություն չի տրամադրում Հայաստանին, այն դեպքում, երբ Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ անդամ պետության սուվերեն տարածք և անցած մեկ տարում` 2021-ից 2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի մոտ 127 քառակուսի կմ սահմանամերձ տարածք։

«Ինչո՞ւ է որոշում կայացվում՝ բացառել Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Ինչու՞ չկա որևէ արձագանք դաշնակից պետության տարածքի նկատմամբ ագրեսիային և օկուպացմանը, գոնե՝ հայտարարությունների մակարդակով։ Ինչո՞ւ է Հայաստանի ինքնիշխան տարածքը կոչվում «վիճելի տարածք»։ Ինչո՞ւ չկա որոշում ՀԱՊԿ-ի կողմից գոնե մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ», — ասել է Խաչատրյանը։

Վերջինս ընդգծել է նաև, որ հայ հասարակության մեջ շատ «ինչու»-ներ են կուտակվել, և հենց ՀԱՊԿ-ի լուռ անգործությունն ու պասիվությունը, ինչպես նաև որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները, որոնք փաստացի աջակցում են Ադրբեջանին, պատճառ են դարձել, որ այսօր հայ հասարակության զգալի մասը պահանջի դուրս գալ կազմակերպությունից՝ բողոքի ակցիաներ և հանրահավաքներ անցկացնելով Երևանի կենտրոնում։

Ելույթի ընթացքում խաչատրյանը հիշեցրել է ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը, որի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա դաշինքը դա կհամարի ագրեսիա անդամ բոլոր պետությունների դեմ: Իսկ այդ դեպքում մասնակից պետությունները պետք է ներառյալ ռազմական օգնություն ցուցաբերեն»։ Այս կետը կյանքի կոչելու համար, Խաչատրյանի փոխանցմամբ, անհրաժեշտ է, որ ՀԱՊԿ-ը հանդես գա դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչելով ագրեսոր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print