Մի ուրախացնող բան կա. այս տարվա մեր ջրային վիճակը լավ է թե՛ ջրամբարների, թե՛ Սևան լցվող ջրի քանակի առումով: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Մենք արդեն 127 մլն խորանարդ մետր ջուր ենք տեղափոխել Սևան, ու Սևանից ոչինչ չենք վերցրել: Նախորդ տարի 168 մլն մետր խորանարդ ջուր էինք կարողացել տեղափոխել ամբողջ տարի, հիմա արդեն 127 մլն խորանարդ մետր ջուր տեղափոխել ենք: Սևանն առավոտվա դրությամբ արդեն 10 սանտիմետր դրական նիշ ունի: Ջրամբարների ջուրը բավականին շատ է, ջրամբարներ ունենք՝ արդեն ստիպված ելք ենք անում ջրի, ջուր ենք թողնում:
Իհարկե, սա ամեն ինչ չի ապահովի, որովհետև կան շրջաններ, որտեղ հատկապես երբ երկար շոգ եղանակ է լինում, խնդիրներ են առաջանում, բայց բավականին լավ նախադրյալներ կան՝ թե՛ Սևանից ջուր վերցնելու, թե՛ ոռոգումն այս տարի ավելի հանգիստ կազմակերպելու»,- ասաց ՏԿԵ նախարարը: