Ճապոնիայում 2023թ. գրանցվել է ռեկորդային ցածր ծնելիություն

Ծնելիության մակարդակը Ճապոնիայում 2023թ. ամենացածրն է եղել երկրում համապատասխան վիճակագրություն վարելու ողջ ընթացքում։ Այս մասին վկայում են առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության հրապարակած տվյալները։

Այդ տվյալների համաձայն՝ 2023թ. նորածինների միջին թիվը մեկ կնոջ հաշվով կազմել է 1,2, սա ամենացածր ցուցանիշն է 1947-ից ի վեր, երբ երկրում սկսել են նման վիճակագրություն վարել։ Անցած տարի այդ ցուցանիշը, որն իջնում է ութերորդ տարին անընդմեջ, իջել է 0,06 տոկոսային կետով։ Անցած տարի ծնելիության ընդհանուր ծավալը կազմել է 720,7 հազար մարդ՝ չհաշված օտարերկրացիների երեխաները, որոնք ծնվել են երկրի տարածքում։ Նրանց հաշվառմամբ այդ ցուցանիշը կազմել է 758,6 հազար, ինչը եւս նոր հակառեկորդ է։

Մինչ այդ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը կանխատեսել էր, որ երկրի բնակչությունը կկրճատվի մոտ 100 մլն մարդով մինչեւ 2050թ., ինչը 25 տոկոսով ավելի քիչ է ընթացիկ թվաքանակից։ Կանխատեսվում է նաեւ, որ մինչեւ 2050թ. 65 եւ բարձր տարիքի ճապոնացիների բաժինը կգերազանցի 40 տոկոսը երկրի 47 պրեֆեկտուրաներից 25-ում։ Մնացած տարածաշրջաններում այդ ցուցանիշը բարձր կլինի 30 տոկոսից, Տոկիոյից բացի։

Ազգի սրընթաց ծերացումը ցածր ծնելիության հետ մեկտեղ պետությանը խոստանում է բազմաթիվ խնդիրներ մոտ ապագայում, նշել են փորձագետները։ Օրինակ, այժմ աշխատող ճապոնացիները ծերության ժամանակ կարող են զրկվել այն վճարներից, որոնք այժմ ստանում են թոշակառուները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print