ՌԴ–ն լայնածավալ աշխատանք է տանում երկաթուղու աշխատանքը վերականգնելու ուղղությամբ. Վարչապետ

«Ռուսական երկաթուղիները» ՀԿԵ-ի (Հայաստանի երկաթուղու կոնցեսիոներ) հայաստանյան գործընկերների հետ երկրի հյուսիսային շրջաններում երկաթուղային գծերի վերականգնողական աշխատանքներ են իրականացնում վերջին ջրհեղեղից հետո։

ՌԴ գործընկերները լայնածավալ աշխատանքներ են տանում երկաթուղու վերականգնման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոր կամուրջների շինարարության հարցում մենք միջազգային գործընկերների հետ խոսել ենք, հույս ունենք՝ նրանք մեզ աջակցություն կցուցաբերեն»,- ասաց նա։

«Ես հասկանում եմ, որ երկաթուղու լիարժեք շահագործումը վերականգնելու համար մեր ռուս գործընկերները բավականին լայնածավալ աշխատանք են տանում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` կառավարությունն ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ նոր կամուրջների կառուցման ուղղությամբ, և հույս կա, որ նրանք աջակցություն կցուցաբերեն։

«Առաջին փուլում մենք օբյեկտիվորեն միջազգային աջակցության կարիքը` թեկուզ մաքրման աշխատանքների, որոնողափրկարարական աշխատանքների համար, չունեինք։ Այ հիմա, վերականգնման հարցում և մարդկանց վնասները փոխհատուցելու հարցում մենք իրական աջակցության կարիք ունենք, և շատ կարևոր է, որ միջազգային գործընկերների հետ խոակցություններում աջակցության հնարավոր ձևերի ցանկ ունենաք, որպեսզի մեր գործընկերներն իրենց հարմար տարբերակ ընտրեն»,–ասաց Փաշինյանը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ որոշ գործընկերների մոտ շոշափելի հետաքրքրվածություն կա աղետի հետևանքների վերացմանը նպաստելու հարցում։

«Սպասում ենք կարիքների հստակեցմանը, բայց մի քանի գործընկերներ, իսկապես, հետաքրքրված են ու պատրաստակամ»,- ասաց Միրզոյանը։

ՀԿԵ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղու ութ վնասված հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Ջրհեղեղից հետո բենզինի և դիզվառելիքի առաջին բեռներն արդեն երկաթուղով հասել են Հայաստան՝ Վրաստանին սահմանակից Այրում կայարան։ Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր:

Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։

Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print