Արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք հեշտացրել են հաղորդակցությունը: Մինչև վաղը երևի կունենանք 1 ինքնաշեն ժամանակավոր կամուրջ, բայց արդեն մեքենաների համար: Հիմա շինարարության իրականացման փուլն է: Դա 7 բնակավայրի համար է, որպեսզի կապը ոչ միայն հետիոտնային կամրջով լինի, այլև ավտոմոբիլային տարբերակով: Այս մասին Կառավարության նիստին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներ ներկայացնելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ նախարարի՝ Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման առումով գրեթե 90 տոկոսը վերականգնված է, միայն որոշ տեղերում կա խնդիր:
«Մ6 ճանապարհը երեկվանից բացել ենք: Փաստացի Մ6 և Մ4 ճանապարհները բաց են: Փաստացի և՛ Մ6, և՛ Մ4 ճանապարհներն աշխատում են, միայն վնասված հատվածներ կան: Փորձել ենք կահավորել, բայց նորից պետք է խնդրենք մեր վարորդներին՝ զգուշությամբ ճանապարհն անցնել՝ հաշվի առնելով, որ մի շարք հատվածներ վնասված են, և այդ հատվածներում միակողմանի է երթևեկությունը»,- ասաց նախարարը:
Վարչապետ Փաշինյանն արձանագրեց՝ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր ավտոերթևեկությունը լիարժեք վերականգնված է:
«Լիրաժեք այն առումով, որ ավերված հատվածները դարձել են անցանելի: Արդեն միջնաժամկետում դրանք կբերենք վերջնական տեսքի: Ավերված հատվածները, պարզ է, ասֆալտապատ չեն հիմա, բայց գրունտային կամ ժամանակավոր եղանակով աշխատում են»,- ասաց վարչապետը: