Մեկնարկել է «Վերականգնում, դիմակայունություն, զարգացում Սյունիքի համար» ծրագիրը, որը ԵՄ-Հայաստան ամուր և հուսալի համագործակցության վկայությունն է։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
«Միասնական ուժերով հնարավոր է զորեղացնել տեղական ձեռնարկատիրությունները, նպաստել կայուն զարգացմանը և խթանել ներառականությունը։
Միասին հնարավոր է դիմակայուն ու կենսունակ ապագա կառուցել Սյունիքի համար» ,-ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ծրագրի իրականացման 5 տարվա ընթացքում 11 մլն եվրո բյուջեով ուժերը կենտրոնացվելու է ՄՓՄՁ-ների համար բիզնես միջավայրի բարելավման և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման, կայուն կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավման և հանուն Սյունիքի մարզի զարգացման բազմաշահառու համակարգման ակտիվացման ուղղությամբ:
Հիշեցնենք՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: