Կապանում հոկտեմբերի 21-ին բացված Իրանի հյուպատոսությունը բացահայտ զգուշացում է Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք չեն թաքցնում իրենց երազանքը՝ ձեւավորելու «Զանգեզուրի միջանցք», որը ցամաքային ուղիղ կապ կստեղծի Նախիջեւանի հետ: Հենց այդ պատճառով Թեհրանը հյուպատոսություն է բացում հենց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում»՝ այդ կերպ հայտարարելով, որ եթե Ադրբեջանն ու Թուրքիան շարունակեն դրսեւորել այդ տարածքի նկատմամբ իրենց հավակնությունները, ամեն բան կարող է շատ վատ վերջանալ: Իսկ այդ ուղերձը հաստատելու համար Իրանը Սյունիքից ոչ շատ հեռու անցկացնում է «Հզոր Իրան» զորավարժությունները: Ավելին՝ հյուպատոսարանի հիմնադրման առիթով Հայաստան է ժամանում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին ու Թուրքիային պետք է հնարավորություն տար մի քանի անգամ ավելացնել տնտեսական համագործակցությունը, հեշտացներ զորքերի տեղաշարժը եւ քաղաքական հսկայական դիվիդենտներ ապահովեր Ալիեւի կլանի համար: Թուրքիային թվում էր, թե Իրանն այժմ զբաղված է անկարգություններով, որոնք նրան, անկախ հյուպատոսարանի բացումից եւ զորավարժություններից, կզրկեն սյունիքյան իրադարձություններին մասնակցելու հնարավորությունից, եւ Թուրքիան ռազմական գործողությունների մեկնարկի որոշում կկայացնի:
Ըստ արտասահմանյան փորձագետների՝ Անկարան «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված որոշումը պետք է արագ կայացնի, մինչդեռ ուշացման արդյունքում Իրանը «ավելի ու ավելի մեծ ռազմական ուժեր կտեղափոխի Հայաստան, եւ շուտով Կապանում ոչ թե սոսկ խաղաղ հյուպատոսություն կլինի, այլ կհայտնվեն դրոններ եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ծառայության փորձ ունեցող մարդիկ՝ քաղաքացիական հագուստով»:
Աբդոլլահիանի՝ Երեւանում գտնվելու արդեն առաջին օրվա արդյունքներով, ինչպես գրում է news.ru-ն, կարելի է ենթադրել, որ Թեհրանը մտադիր է Երեւանի հետ երկկողմ համագործակցության նոր մեկնարկի սկիզբ դնել՝ հնարավորինս արագ բացելու «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքը: Այդ երթուղին Իրանը Եվրոպայի հետ կկապի Հայաստանի տարածքով: Ընդ որում՝ Երեւանի ու Նյու Դելիի միջեւ հարաբերությունների մերձեցման ֆոնին, ինչը նկատվում է վերջին ժամանակներս, կարելի է ասել, որ այդ նախագծին կարող է միանալ նաեւ Հնդկաստանը:
«Պարսից ծոց-Սեւ ծով» տարանցիկ միջանցքը գրեթե երկու անգամ կարճ է, քան Սուեզի ջրանցքի ուղին, իսկ բեռների տեղափոխումն էլ ավելի էժան է: Նոր ճանապարհն սկիզբ է առնում Իրանի հարավային Բենդեր-Աբբաս նավահանգստից եւ, անցնելով Իրանի ողջ տարածքով, հասնում է Հարավային Կովկաս՝ վրացական սեւծովյան Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ: Այնուհետեւ բեռները նավերով կտեղափոխվեն բուլղարական Բուրգաս եւ Վառնա նավահանգիստներ, այնտեղից էլ՝ Հունաստան եւ Եվրոպայի այլ երկրներ: Այս տարբերակի դեպքում երթուղու առանցքային երկիրը դառնում է Հայաստանը, որն արդեն երկար տարիներ շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից:
Այստեղ իսկապես հարց է առաջանում, թե ինչու է Թեհրանը հենվում «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի ստեղծման անհրաժեշտության վրա, եթե իր տարածքում գրեթե պատրաստ է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որը Պարսից ծոցը կապում է Ռուսաստանի հետ Կասպից ծովի միջոցով: Այդ երթուղին գրեթե պատրաստ է, մնում է կառուցել Ռեշտ-Աստարա հատվածը Իրանի հյուսիսային մասում: Այդ նպատակով Ադրբեջանն Իրանին նույնիսկ 500 մլն դոլարի վարկ է տվել: Բաքուն հայտարարել է նաեւ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է նորից օգնել, միայն թե միջանցքը կառուցվի եւ հնարավորինս շուտ շահագործման հանձնվի: Թեհրանն առանձնապես չի ձգտում այդ համագործակցությանը, չնայած միշտ խոսում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի կարեւորության մասին:
Ադրբեջանի միջով տարանցիկ ճանապարհը, ամենայն հավանականությամբ, Թեհրանին չի բավարարում այն պատճառով, որ Բաքուն սերտորեն համագործակցում է Իսրայելի եւ Թուրքիայի հետ: Իրանում վստահ են, որ, օրինակ, միջուկային գիտնական Ֆահրիզադեին սպանել են իսրայելական հատուկ ծառայությունները՝ ադրբեջանական Սիթալչայ բազայից, որը Բաքվից 70 կմ հեռավորության վրա է: Դեռ անցյալ տարի Բաքվի ու Թեհրանի միջեւ քաղաքական սկանդալ գրանցվեց. իրանական իշխանությունները Բաքվին կասկածեցին Իսրայելի հետ ռազմական սերտ համագործակցության մեջ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Հոսեյն Պուրեսմաիլը հայտարարեց, որ «Ադրբեջանի ու Իսրայելի նման համագործակցությունը չի բխում Բաքվի շահերից եւ սպառնում է նրա գոյությանը»: Դրանից հետո Իրանի զինված ուժերը խոշոր զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի հետ սահմանի մոտ, ինչը սարսափ առաջացրեց Բաքվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։