2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները փոխհատուցելու նպատակով Կառավարությունը տուժած քաղաքացիներին որպես աջակցություն՝ գումար հատկացնելու մասին որոշումներ կայացրեց:
Zarkerak.am-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պարզաբանել է վնասների և դրանց փոխհատուցման գումարի չափը։
Այսպես, ՏԿԵ նախարարությունից տեղեկացրել են, Սյունիքի մարզում վնասվել են Գորիս, Սիսիան և Տեղ համայնքների քաղաքացիների սեփականություն հանդիսացող 17 բնակելի տներ ու շինություններ և մեկ հասարակական շենք։
Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից կազմված արձանագրությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի N386-Լ որոշմամբ հատուցվել է հրետակոծությունից տուժած 17 քաղաքացիներին հասցված վնասը, որի ընդհանուր գումարը կազմել է 7953,69 հազար դրամ:
Ինչ վերաբերում է Վայոց ձորին, ՏԿԵ նախարարությունից տեղեկացրել են միայն, որ ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1468-Ն որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածով Վայոց ձորի մարզպետարանին պետական բյուջեից հատկացվել են դրամական արտահայտությամբ նպաստներ՝ 50,000.0 ՀՀ դրամ գումարի չափով:
Գեղարքունիքի մարզում վնասվել է 151 բնակելի տուն, մասնավորապես՝ Վարդենիս համայնքի Սոթք և Կութ բնակավայրերում վնասվել են թվով 151 բնակելի տներ, որոնցից 8-ը՝ Սոթք բնակավայրում, ենթակա չեն վերականգնման: Նախարարությունից հայտնել են, որ համաձայն արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովի կողմից կազմված ակտերի՝ վերականգնման ենթակա շենքերի վերանորոգման համար կպահանջվի 61,4 մլն դրամ:
ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1468-Ն որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանին Սոթք և Կութ բնակավայրերի շահառու բնակչությանը սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացվել է 50.0 մլն դրամ, որից 2022 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ 86 քաղաքացու հատկացվել է 18739.285 հազար ՀՀ դրամ:
Վնասվել են նաև մի շարք օժանդակ ու հասարակական շենքեր և շինություններ, որոնց պատճառված վնասների հաշվարկը դեռևս չի ավարտվել: