Փարիզն Ուկրաինային մինչև այս տարվա վերջ Mirage 2000 կործանիչներ կփոխանցի

Փարիզն Ուկրաինային մինչև այս տարվա վերջ Mirage 2000 կործանիչներ կփոխանցի՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, սակայն չի մանրամասնել՝ քանի ինքնաթիռի մասին է խոսքը:

Էմանուել Մակրոնը նշել է նաև, որ ֆրանսիական կողմը նաև ուկրաինացի օդաչուների համար վերապատրաստում կանցկացնի, որ վերջիններս կարողանան օգտվել ռազմական ինքնաթիռներից: Ուսուցումը կանցնի Ֆրանսիայում և կտևի 5-6 ամիս։ Մակրոնը հավելել է, որ պատրաստ են ևս 4500 ուկրաինացի զինվորի վերապատրաստել: Նա նաև վերահաստատել է, որ Ուկրաինայի տարածքում ֆրանսիացի ռազմական մարզիչներ չկան և առաջիկայում էլ չեն լինի։

Մակրոնը հաստատել է, որ Ուկրաինան իրավունք ունի ֆրանսիական զենքով համարժեք հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, բայց ոչ խաղաղ բնակչությանը:

Ֆրանսիայի նախագահը, միաժամանակ, համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղություն պետք է հաստատվի բանակցությունների միջոցով, սակայն, նրա խոսքով, «պահը դեռ չի հասունացել, քանի որ Ռուսաստանը շարունակում է հարձակումները»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print