Ադրբեջանի ԱԳՆ-ն Երևանին մեղադրում է «Լաչինի միջանցքը չարաշահելու» և հակահետևակային ականներ տեղափոխելու մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ «իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում» ականների հետ կապված խնդիրը լուծելու համար: Տեղեկությունը փոխանցում է Aravot.am-ը՝ հղում անելով ադրբեջանական Interfax լրատվական կայքին։

«Անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա իրականացնի եռակողմ հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները, դադարեցնի գործողությունները, որոնք խարխլում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերջնականապես դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանը տարածքից, դադարեցնի Ադրբեջանի տարածքում ականների ոչ ընտրողական տեղադրման գործողությունները, համագործակցի ականազերծման գործում և Ադրբեջանին տրամադրի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ: Այդ քայլերը կնպաստեն տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգության»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության չորրորդ կետը խախտելով՝ Հայաստանը ոչ միայն իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից, այլև շարունակում է մեծ քանակությամբ հակահետևակային ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում, և դա պատճառ է դառնում ականների վրա պայթելու դեպքերի աճին՝ «ոչ միայն նախկին շփման գծի երկայնքով, այլև այլ տարածքներում»: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ վերջին 30 տարում Ադրբեջանում ականների վրա պայթյունից զոհվել է 3345 մարդ, այդ թվում 38 կին և 357 երեխա: Բացի այդ, 266 մարդ վիրավորվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, 45 մարդ, որոնցից 3-ը լրագրող, զոհվել է: 2020թ-ից հետո զոհվածներից 35-ը քաղաքացիներ են:

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանում արտադրված հակահետևակային ականների տեղափոխումն Ադրբեջանի տարածք» ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանը չարաշահում է Լաչինի միջանցքը, որը, համաձայն եռակողմ համաձայնագրի, միայն քաղաքացիական անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար է: Ադրբեջանի ԱԳՆ-ից հավելել են, որ Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի ճշգրտությունը 25 տոկոս է: Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի նման գործողությունը «ռազմական հանցագործություն է, Երևանի ստանձնած մարդասիրական պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես տեղեկացրել և համապատասխան ապացույցներ է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանին առ այն, որ «Հայաստանի կողմից շարունակվող ադրբեջանական տարածքների ականապատումը խախտում է ժամանակավոր միջոցները», որոնք սահմանված են ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ 2021թ. դեկտեմբերի 7-ի ժամանակավոր միջոցների մասին որոշման մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print