Սրտի եւ անոթների համար սպիտակ հացի վնասի մասին պնդումները հերքվել են

Հացից, բրնձից եւ մակարոնից մեծ քանակությամբ ռաֆինացված հացահատիկային սննդի օգտագործումը չի մեծացնում սրտանոթային հիվանդությունների վտանգը, կարծում են Արիզոնայի նահանգի համալսարանի գիտնականները: Տեղեկությունը փոխանցում է armlur.am-ը՝ հղում անելով  Mayo Clinic Proceedings ամսագրին։

Գիտնականները 17 ուսումնասիրությունների մետաանալիզ են անցկացրել, որոնց մասնակցել է 877 հազար մարդ։ Դրանցում գնահատվել է զտված հացահատիկ պարունակող ապրանքների՝ հացի, փաթիլների, մակարոնի, սպիտակ բրնձի, թխվածքների ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա։

Պարզվել է, որ զտված հացահատիկն ինքնին կապված չէ սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ:

Այս հետազոտությունը կասկածի տակ է դնում լայնորեն տարածված կարծիքը, որ զտված հացահատիկը վնասակար է: Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ զտված հացահատիկների բացասական ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ համադրվում են կարմիր մսի, յուղոտ սննդի եւ քաղցր ըմպելիքների հետ, որոնք էլ մեծացնում են սրտի եւ անոթային հիվանդությունների վտանգը։

Չնայած նրան, որ հարկավոր է շարունակել մասսայականացնել ամբողջական հատիկից մթերքի օգտագործումը, դա չի նշանակում պարտադիր պետք է հրաժարվել ռաֆինացված հացահատիկից։

Զտված հացահատիկները ստանում են թեփն ու ծիլերը հեռացնելով։ Այս գործընթացը երկարացնում է հացահատիկների պահպանման ժամկետը, սակայն նվազեցնում է բջջանյութի եւ B խմբի վիտամինների պարունակությունը, հետեւաբար, դրանք հաճախ արհեստականորեն հարստացվում են լրացուցիչ B վիտամիններով եւ երկաթով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print