Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում՝ ես խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով COP29-ի գագաթաժողովին ստորագրվի խաղաղության պայմանագիրը։
«Մենք համարում ենք, որ այո, մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականցնելուն և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել։ Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ»,-ասաց նա։
Հարցին, թե Բաքվից հայտարարել էին, որ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխանը և որոշ կետերում դրական դինամիկա են նկատում, արդյո՞ք կարելի է ենթադրել, որ հայկական կողմը երկու հիմնարար հարցերում փոխել է տեսակետը՝ Ռուբինյանն արձագանքեց, որ ոչ՝ տարածքային ամբողջականության ճանաչման և տարածաշրջնային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում հայկական կողմի դիրքորոշումը նույնն է։
«Տարածարջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ ուզում ենք, որ այդ ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն՝ հիմնված կողմերի ինքիշխանության և իրավազորության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների ներքո։ Տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն համաձայնություն, որը ֆիքսվել է կողմերի միջև մի շարք հանդիպումներին։ Եթե այս բոլոր համաձայնությունները արտահայտվեն խաղաղության պայմանագրում, այն կարելի է շատ արագ ստորագրել»,-ասաց նա։
Իսկ թե այդ դեպքում պայմանագրում ի՞նչն են դրական համարում, Ռուբինյանը նշեց, որ չի կարող ասել։
Նա նշեց, որ Բաքվի հայտարարությունը ՀՀ Սահմանդրության փոփոխության և մյուս հարցերում ԱԳՆ-ից պատասխանել են և ինքն այդ տեսակետը կիսում է, որ դրանով դորպեդահարում են խաղաղության գործընթացին։